Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում

Մեծամորի հնավայրի տարածքում այցելուներին հնարավորություն է տրվում պեղումներ կատարել։ Երեխաներին հատկապես հետաքրքրում է սեփական ձեռքերով հողից գտածոներ հանելը ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Մայիս — Sputnik. Նելլի Դանիելյան. Մեծամորի հնավայրի տարածքում մի խումբ երեխաներ իրար հերթ չտալով փոքրիկ բահերով փորում են հողն ու կոշտ առարկայի դիպչելով, փորձում են վրձիններով մաքրել այն` մինչև հնարավոր լինի անվնաս հանել հողից։

«Ոնց որ գանգ է»,– զարմացած ու բոցավառված աչքերով բղավում է երեխաներից մեկը։

Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում

Բոլորը թողնում են աշխատանքն ու վազում գանգը տեսնելու։

Րոպեներ անց նույն ոգևորությամբ հայտնաբերվում են նաև  հնամարդու վերջույթների ոսկորներ, որոնց վրա նույնիսկ բրոնզե ապարանջաններ կան։

Բայց սա դեռ ամենը չէ։ Պեղումներին մասնակցող մյուս երեխաներն էլ ձեռնունայն չեն մնում։ Բացված հնավայրից դուրս են բերվում նաև տարբեր սափորներ, որոնցից մի քանիսի մեջ լցված հողը մաղելուց հետո պարզվում է` դրանք ժամանակին լցված են եղել ցորենով։ Ցորենի հատիկներից մի քանիսը մինչև հիմա էլ մնացել են սափորի մեջ։

Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում

Մեծամորի պատմահնագիտական արգելոց թանգարան այցելած դպրոցականների հայտնաբերած բոլոր հնություններն իսկական են։ Պարզապես դրանք տարիներ առաջ են հայտնաբերվել  իրական հնագետների կողմից ու պահվում են թանգարանում։

Թանգարանի աշխատակիցներն ամեն անգամ դպրոցականների հերթական խմբի այցից առաջ տեղափոխում են թանգարանի բակ ու խնամքով ծածկում հողով` երեխաներին թույլ տալով զգալու հնագետի աշխատանքի բերկրանքն ու անձամբ հաղորդակցվելու հողի շերտով ծածկված սեփական պատմությանն ու մշակույթին։

Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում

Գաղափարը թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանինն է։ «Հետաքրքրաշարժ հնագիտություն» կամ «խաղում ենք հնագիտություն» ծրագիրը բացառապես դպրոցականների համար է։ Այն շուրջ 1 տարի իրականացվում է, ու այդ ընթացքում այցելուների 50 խմբեր է ընդունել։

«Թանգարաններում որպես կանոն ամեն ինչ արգելված է, չի կարելի դիպչել, ձեռք տալ։ Այս ծրագիրը անհնարինին դիպչելու հնարավորություն է։ Այն մեթոդական հիմք ունենալով, երեխային ավելի շատ ազատություն է տալիս թանգարանում` շարժվելու, ձեռք տալու, այն, ինչ ինքն այլ թանգարանում չի կարողանալու անել» ,-ասաց Զաքյանը։

Մինչ պեղումներ անելը թանգարանի մասնագետները երեխաներին ներկայացնում են այն, ինչ արդեն հայտնաբերել են իրական հնագետները, պատմում հնագույն իրերի ծագման, ժամանակին դրանց ունեցած դերի ու նշանակության մասին` չմոռանալով նաև նշել, թե դրանք որտեղ ու ինչպես են հայտնաբերվել արդեն նոր ժամանակներում։

Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում

Թանգարանի ցուցասրահներում էքսկուրսիան  ավարտելուց հետո երեխաներին ուղեկցում են իրական հնավայրի նախապես պատրաստված հատվածը, որտեղ նախ սովորեցնում են պեղումների նուրբ արվեստը, ապա թույլ տալիս «հնագետներ» խաղալ։

«Դրանով մեր գործը բարդանում է, բայց այն ծիծաղը, ժպիտը, հիշողությունը, որ երեխայի մեջ առաջանում է, կամ երեխային կտրելը համակարգչից, արժե, որ մենք մի կողմ թողնենք մեր գիտական ու վարչական աշխատանքը, ժամանակ գտնենք երեխաների համար»,– ասաց տնօրենը։

Թանգարանի աշխատակիցներն  իրենց ծրագրի ամենամեծ գնահատականը համարում են երեխաների մեջ առաջացած հնագետ դառնալու անկեղծ ցանկությունը։

Հաջորդ տարվանից Մեծամորում նախատեսում են նաև ամառային ճամբար ունենալ` դպրոցականների ու ուսանողների համար։

«Աշակերտները` տարբեր դպրոցներից, ընտրովի, գալու են և մեր արտասահմանցի մասնագետների հետ ունենալու են դասախոսություներ, պրակտիկ աշխատանք`հնագիտության հետ առնչվող ամենատարբեր ոլորտներում»,– ապագայի ծրագրերն է  ներկաացնում թանգարանի տնօրենը։

Բայց մինչ ծրագիրը սկսելը, թանգարանի կոլեկտիվը պետք է լուծի ճամբարում երեխաների գիշերակացի ու կենցաղի խնդիրները։

Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում

Իսկ մեծահասակ այցելուների համար այսօր գործող ծրագիրը հնարավորություն է տալիս ընդգրկվելու իրական հնագիտական արշավախմբի կազմում ու մասնակցելու իրական պեղումներին։

Ընդ որում, այս ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնում ինչպես հայաստանցիներն, այնպես էլ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները։