ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ է եղել, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ոստիկանության` մայիսի 18-ին, ժամը 01։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթևեկելի հատվածում նստած մի կնոջ։ Մոտեցել և փորձել են նրան երթևեկելի հատվածից դուրս հրավիրել։ Կինը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։
Ոստիկանությունը հայտնում է, որ ր դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք` մայիսի 17-ին՝ ժամը 23:38-ին, ԱԻՆ «911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: Կինը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: