Սկանդալ «Եվրատեսիլում»․ բելառուսական ժյուրին որակազրկվել է

Եթե ժյուրիի քվեարկության արդյունքները ժամանակից շուտ են հրապարակվում, ապա անհնար է խուսափել անվանարկությունից։ Հենց դա էլ պատահել է բելառուսների հետ, որոնք տվյալների արտահոսք են թույլ տվել․ ժյուրիի քվեարկության արդյունքները հայտնվել են համացանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է որակազրկել «Եվրատեսիլ» երգի մրցույթի բելառուսական ժյուրիին՝ շոուի կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։

Սրբուկը հուզիչ գրառում է արել եվրատեսիլյան պարտությունից հետո

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի եզրափակիչ փուլը նախատեսված է այսօր գիշերը Թել Ավիվում։ Հայտնի շոուի հաղթողը կորոշվի հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում։

Այսօր հայտնի է դարձել, որ եզրափակիչում Բելառուսը կարող է ներկայացնել միայն հեռուստադիտողի միավորները։ Երկրի պրոֆեսիոնալ ժյուրիի ամբողջ կազմը որակազրկված է։ Պատճառն այն է, որ ժյուրիի անդամները ԶԼՄ-ներին պատմել են, թե մասնակիցներից ում են նախապատվություն տալիս։

Բանն այն է, որ յուրաքանչյուր երկրի ժյուրիի քվեարկությունը տեղի է ունենում ոչ թե ուղիղ եթերում, այլ մեկ օր առաջ։ Այնուհետև այդ տվյալները ուղարկում են EBU, որը եթերի օրը ձայները գումարում է հեռուստադիտողի ձայներին։ Արգելված է ժամանակից շուտ ժյուրիի քվեարկության արդյունքները հրապարակելը։ Դա կարելի է անել միայն մրցույթի եզրափակիչից հետո։

Այժմ բելառուսական ժյուրիի ձայները չեն ընդունվի։ Դա նշանակում է, որ Բելառուսից 12 միավոր չի ստանա երկիրը, որին բելառուսական ժյուրին ամենաբարձրն է գնահատել։ Ամենայն հավանականությամբ, դա Ռուսաստանն է, որի ելույթները բելառուսները միշտ գնահատել են ամենաբարձր միավորով, գրում է Super-ը։