Ռոբերտ Քոչարյանը դատավարությանը մասնակցելու է, և մեղադրողը ինքն է լինելու. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը խոսել է կալանքից ազատված Ռոբերտ Քոչարյանի և դատախազության հնարավոր քայլերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը վստահեցնում է, որ ըստ օրենքի` դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը բողոքարկելու իրավունք չունի։ Նա այս մասին ասաց այսօր` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած որոշումից հետո, ըստ որի` Քոչարյանն ազատվեց կալանքից։

«Օրենքով մյուս կողմն այս որոշումը բողոքարկելու իրավունք չունի։ Եթե սկսվեն ապօրինություններն ու ճնշումները, չի բացառվում, որ դատախազությունն էլ բողոք ներկայացնի, վերաքննիչ դատարանն էլ այն վարույթ ընդունի»,- լրագրողներին ասաց Ալումյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ Քոչարյանն արդեն դատավարությանը մասնակցելու է մեղադրողի կարգավիճակով։

«Ինչպես պատկերավոր արտահայտվեց պարոն Քոչարյանը, դատավարությանն ինքը մասնակցելու է, և մեղադրողը լինելու է ինքը։ Մեղադրելու է նրանց, ովքեր այս գործը սարքել են և քննություն իրականացնելու փոխարեն ընկել են կոնկրետ առաջադրանք կատարելու հետևից»,- ասաց Ալումյանը:

Ինչպես մարդիկ արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը. տեսանյութ

Նա նշեց նաև, որ Հայաստանը լքելու բոլոր հնարավորությունները Քոչարյանն ուներ, երբ ազատ էր, և որևէ խափանման միջոց չկար։ Սակայն դա չի արել, որովհետև մտադրություն չի ունեցել՝ դա նաև համարելով ոչ արժանապատիվ վարքագիծ:

«Ասեմ ավելին` լինելով արտասահմանում և իմանալով, որ Հայաստանում այս գործը սկսել է քննվել, և պարոն Միքայել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կա և հղում է արված ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածին, որը վերաբերում է նախագահի լիազորություններին, նա վերադարձել է Հայաստան՝ շատ լավ պատկերացնելով, որ այս քրեական գործը վերաբերելու է իրեն»,- հավելեց Ալումյանը:

Ամփոփելով իր խոսքը՝ Ալումյանը չբացառեց, որ այս որոշման համար կարող է ճնշումների ենթարկվել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանը: