Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից

ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր ազատեցին կալանքից։ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դատավորի որոշումից հետո դահլիճում ծափեր հնչեցին։

Նշենք, որ այդ ընթացքում դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցներն ու նրանք, ովքեր պահանջում էին ոչ մի դեպքում ազատ չարձակել Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, դատարանի դահլիճից դուրս գալուց հետո հայտնեց, որ դատարանի որոշումն իրենց բավարարել է։

Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից

Կրտսեր որդին` Լևոն Քոչարյանն էլ նշեց. «Որոշումը ինչ–որ տեղ սպասելի էր` հաշվի առնելով երաշխավորությունները»

Լրագրողները հարցրին` նրանք դեռ համարո՞ւմ են, որ դատարանի վրա ճնշումներ կան, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Պրոցեսը դեռ չի վերջացել, հետո կհասկանանք` ճնշումներ կան, թե ոչ»։

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ երկու սցենար կար՝ լավատեսական և վատատեսական:

Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ մեկուսարանից

«Լավատեսականի դեպքում առհասարակ գործի կարճում էինք նախատեսում, ստացանք վատատեսական սցենարը: Հիմա կա ճնշում, թե չկա ճնշում, չեմ ուզում գնահատական տալ»,– ասաց նա:

Ինչպես մարդիկ արձագանքեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշմանը. տեսանյութ

Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Անձամբ Գորիկ Հակոբյանն է ինձ ասել, որ զենք է կիրառվել, նռնակներ կան. Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում մի քանի օր անընդմեջ ընթանում էր Մարտի 1-ի գործով դատավարությունը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։

Ոչ միայն մենք չգիտենք, թե ինչում է մեղադրվում Քոչարյանը, այլ նաև հանրությունը. պաշտպան

2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։