Նիկոլ Փաշինյանի խոսնակն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին

Վլադիմիր Կարապետյանը գրել է, որ Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները դրա վկայությունն են: Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը»,– գրել է նա:

Ըստ Կարապետյանի` իշխանությունը վճռական է երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:

«Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»,– եզրափակել է Փաշինյանի խոսնակը։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները քանիցս ասել են, որ դատավորների վրա ճնշումներ են գործադրում Քոչարյանի գործով։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։