Խոհանոցային տուրիզմ և «luxury» հանգիստ․ Հայաստանն ավելի շատ օտարերկրացիների է հրապուրում

Ռուսաստանից, Հնդկաստանից և Չինաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն ավելացել է։ Դրա հետ մեկտեղ զգալիորեն կրճատվել է իրանցիների թիվը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 5,2 տոկոս՝ անցած տարվա նույն շրջանի համեմատ։ Այդ մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հաղորդեցին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից։ Մասնավորապես, 2018թ-ի առաջին երեք ամիսներին Հայաստան է եկել 346.458 զբոսաշրջիկ, իսկ 2019թ-ի նույն շրջանում՝ 364.489։

Երևանյան կոլորիտ և հատուկ վերաբերմունք Թբիլիսիին. ինչպես կարելի է գրավել զբոսաշրջիկներին

Միաժամանակ, Հնդկաստանից եկած զբոսաշրջիկների թիվն աճել է 138 տոկոսով, Չինաստանից՝ 40, ԱՄԷ-ից՝ 38, Իտալիայից՝ 19, Լեհաստանից՝ 17, Ռուսաստանից՝15,7, Ավստրալիայից՝ 15, Ավստրիայից՝ 11:

Դրա հետ մեկտեղ, կտրուկ նվազել է այցելուների թիվը Իրանից՝ 43 տոկոսով, Գերմանիայից՝ 8,8, Ճապոնիայից՝ 6,7, Ֆիլիպիններից՝ 6։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նկատվում է աճի տեմպերի դանդաղեցում անցած տարվա նույն շրջանի համեմատ։ Այսպես, 2018թ-ի հունվար-մարտին այդ աճը կազմել է 16,1 տոկոս, իսկ 2019թ-ին՝ ընդամենը 5,2 տոկոս։

Ապրեսյանը նշեց, որ աճ արձանագրվել է Ռուսաստանից, Չինաստանից և Հնդկաստանից զբոսաշրջիկների հոսքի շնորհիվ։ Նրա խոսքով՝ դրանք հենց այն ուղղություններն են, որոնցով տարվել են ակտիվ մարքեթինգային աշխատանքներ։ Նկատվում է նաև Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն արաբական երկրներից զբոսաշրջիկների կողմից, իսկ եվրոպական պետությունների զբոսաշրջիկներն ավելի զուսպ են, ինչը, փորձագետի կարծիքով, պայմանավորված է սեզոնով։ Ապրեսյանը կանխատեսում է, որ Եվրոպայից զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշը կավելանա 2019թ-ի երկրորդ եռամսյակում։

Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները

«Ցավոք, ակնհայտ է Իրանից զբոսաշրջիկների թվի զգալի կրճատում, բայց դա, ամենից առաջ, կապված է այդ երկրում տիրող բարդ տնտեսական իրավիճակի հետ, ինչպես նաև Վրաստանի հանդեպ հետաքրքրության։ Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ավելի վաղ է բացահայտվել, և հիմա իրանական հասարակության վճարունակ մասը նախընտրում է նոր ուղղություն», - ասաց փորձագետը։

Ապրեսյանի կարծիքով՝ զբոսաշրջիկների թվի թեկուզ փոքր աճը պայմանավորված է նաև զբոսաշրջային արտադրանքի դիվերսիֆիկացիայով։ Երկրում անցկացվում են բազմաթիվ փառատոններ, զարգանում է խոհանոցային կամ՝ գաստրոզբոսաշրջությունը, էքստրեմալ և ժամանցային զբոսաշրջությունը։ Թափ է հավաքում նաև «luxury» հանգիստը՝ մեծ եկամուտներով մարդկանց համար, որոնց տրամադրվում են տարատեսակ ծառայություններ՝ ուղղաթիռով շրջագայությունից մինչև Սևանա լճում սուզվելը։

Նոր հետաքրքիր զբոսաշրջային պրոդուկտների հայտնվելը ավելացնում է տարբեր տարիքի օտարերկրացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

«Հայաստան ավելի հաճախ են սկսել գալ երիտասարդ զբոսաշրջիկներ», - նշում է ֆեդերացիայի նախագահը։

Ապրեսյան․ «Այս ամառ զբոսաշրջիկների թիվը կաճի մոտ 10 տոկոսով»

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով՝ Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը 2018թ-ին աճել է 17 տոկոսով։ Երկրների հնգյակի մեջ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան, մտել են Ռուսաստանը (ավելի քան 525 հազար մարդ), Վրաստանը (233 հազար), Իրանը (132 հազար), ԱՄՆ-ը (46 հազար) և Ուկրաինան (24 հազար)։

Ավելի վաղ հրապարակվել էր Bloomberg-ի վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցրել է 10-րդ տեղը երկրների շարքում, որտեղ զբոսաշրջությունը զարգանում է կատաղի տեմպերով։ Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի տարեկան աճը 2017թ-ին կազմել է 18,65 տոկոս։ 2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 10,2 տոկոսով։