Հետո ավելին է լինելու. Միհրան Հարությունյանը ջախջախեց բելառուսին. տեսանյութ

Միհրան Հարությունյանը կատարեց խոստումը և նոր խոստում տվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո երեկ առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեական ըմբշամարտի կանոններով և հաղթեց:

Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0:

Նա Instagram-ի իր էջում հրապարակել է գոտեմարտի տեսանյութը և գրել. «Շնորհակալություն բոլորին` խելահեղ աջակցություն համար։ Սա մեր ընդհանուր հաղթանակն է։ Հետո լինելու է միայն ավելին»։

Ավելի վաղ ըմբիշը հայտնել էր, որ վերադառնալու է մրցագորգ և վերցնելու է այն, ինչը պատկանում է իրեն։

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել էր 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով արժանացավ ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալի։

Օլիմպիական խաղերից հետո Միհրանը հանդես էր գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է 2 հաղթական մենամարտ: