Դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցը

Վաչագան Ղազարյանի օգտին 4000 դրամ կբռնագանձեն։ Նա շնորհակալություն է հայտնել դատարանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ, երեկ բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։ Այս մասին գրում է armtimes.com–ը։

Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին՝ ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։

Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դատավորին։

Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանի թիկնապահի դեմ. հաշվապահը պնդում է, որ իրենից 40 մլն են շորթել

Ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար մեղադրվող Ղազարյանը վարչական դատարան է դիմել 2018-ի սեպտեմբերին՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողություները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, և Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել: Ղազարյանը վարչական հայց էր ներկայացրել այն բանից հետո, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իրեն մեղադրանք առաջադրեց ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար։

Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նա վերականգնել է պատճառած վնասը։