Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց կալանավորելու միջնորդությունը

Վարդգես Գասպարիին շշով հարվածելու համար մեղադրվող «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը չի կալանավորվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից հետո քննեց Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը՝ Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ:

«Քիչ առաջ դատարանը մերժեց Արմեն Թավադյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը:

Հիշեցնենք, որ Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել մայիսի 13-ին ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մոտ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու համար:

Հավելենք, որ Թավադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարողների շարքից է և դատարանի մոտ էր նրա մյուս կողմնակիցների հետ՝ ի պաշտպանություն Քոչարյանի, իսկ Վարդգես Գասպարին բողոքում էր վերջինիս ազատ արձակման դեմ: