Խաչատուրյան քույրերի սպանված հոր մոտ անձի խանգարում են հայտնաբերել. փաստաբան

Հարազատ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբանը ներկայացրել է հետմահու հոգեբանական ու հոգեբուժական փորձաքննության արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հետմահու անցկացված փորձաքննությունը ցույց է տվել, որ Խաչատուրյան քույրերի հոր մոտ անձի խանգարում է եղել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերին։

«Այս պահին կարող եմ ասել, որ անցկացված հոգեբանական ու հոգեբուժական փորձաքննության արդյունքում Միխայիլ Խաչատուրյանը մեղսագիտակ է ճանաչվել, բայց նաև անձի որոշակի խանգարում է հայտնաբերվել», – ասել է պաշտպանը։

Փաստաբանը նշել է, որ առաջիկայում մամուլի ասուլիսի ժամանակ ավելի մանրամասն տեղեկություն կհայտնեն։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։