ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ցավոք, ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, ըստ որի` բոլորին պետք է կալանքի տակ պահել։
Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով` լավ է, որ գլխավոր դատախազը ներկա է լինում նիստերին, սակայն, ըստ նրա, դատախազն իր փակման խոսքում երեկ «համարյա» սպառնաց դատարանին։ Որպես օրինակ` պաշտպանը նշեց, որ հնչել են կոչեր` չհետևել պաշտպանների դիրքորոշումներին։
«Բացի այդ, մենք արդեն ասել էինք, որ Քոչարյանին չի պարզաբանվել իր մեղադրանքի էությունը, իսկ դա ազդում անձի` պաշտպանվելու իրավունքի իրականացման վրա։ Խնդիրն այն է, որ ոչ թե միայն մենք չգիտենք, թե ինչում է մեղադրվում Քոչարյանը, այլ նաև հանրությունը։ Եթե դուրս գաք փողոց ու հարցնեք` ինչում է մեղադրվում Քոչարյանը, տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ կտան»,–ասաց պաշտպանը։
Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ կարևոր էր դատական նիստերի` դռնբաց լինելը: «Մենք հստակ հարցեր ենք առաջադրել, որ նշեն գործողություններ, որոնք արել է Քոչարյանն ու հիմնավորեն այդ գործողությունները, սակայն դատական նիստերին այս հարցերի պատասխանները չենք ստացել»,-նկատեց նա:
Նրա խոսքով` մեղադրական եզրակացությունը մոտ հազար էջ է, բայց այն առանձնապես կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:
Նշենք, որ ասուլիսի վերջում պաշտպանները տեսանյութ ցուցադրեցին, որտեղ երևում է` ինչպես են խմբված ցուցարարների հատվածից ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» նետում։