Վերելակ, 10 լեզվով աուդիոգիդ. էլ ի՞նչ փոփոխություններ կլինեն թանգարաններում

Մշակույթի նախարարությունը ծրագրել է տարեցտարի բոլոր թանգարանները մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի պատմության թանգարանը մինչև մայիսի վերջ կկարողանա հյուրընկալել նաև հաշմանդամություն ունեցող անձանց. թանգարանը հարմարեցվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

«Այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում ու փորձում ենք վերելակ տեղադրել։ Բացի այդ, կլինեն նաև հատուկ հարմարեցված սանհանգույցներ։ Գիդերը նույնպես կվերապատրաստվեն»,–ասաց փոխնախարարը։

Կայցելեն նաև պաշտոնյաները. 100–ից ավել թանգարանների դռները բաց կլինեն մինչև կեսգիշեր

Նրա խոսքով` մշակույթի նախարարությունը ծրագրել է տարեցտարի բոլոր թանգարանները հարմարեցնել ու նախատեսում են 5 տարվա ընթացքում հասնել նրան, որ բոլոր թանգարանները մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Իսկ թե այս տարի քանի թանգարան կհարմարեցվի և որ թանգարանը կհաջորդի Հայաստանի պատմության թանգարանին` դեռ հստակ ծրագիր չկա։

Սակայն, մշակույթի փոխնախարարի խոսքով, իրենք նախատեսում են նաև, որ թանգարաններն առաջիկայում 10 լեզվով աուդիոգիդերով ապահովված լինեն, ինչպես նաև QR կոդերով, ինչը նշանակում է, որ հեռախոսով հնարավոր կլինի տեսնել թանգարանների ցուցադրությունների մասին ողջ ինֆորմացիան։

Հիշեցնենք, որ վաղը Թանգարանների միջազգային օրն է, ինչպես նաև «Թանգարանային գիշերը»։ Իսկ թե որ թանգարանն ինչ է խոստանում վաղն իր այցելուն` կարող եք ծանոթանալ այցելելով մշակույթի նախարարության պաշտոնական` Mincult.am կայքէջ։