ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը հրապարակվել է E-draft.am կայքում:
Օրենքի նախագծում նշված է, որ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, օգտագործումն արգելվում է.
1) փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում`
ա. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
բ. նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
գ. մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա.
դ. համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում.
ե. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ.
զ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքներում.
է. այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
ը. hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները).
2) աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից.
3) առևտրային կենտրոններում.
4) ցանկացած փակ կամ կիսափակ հանրային այլ տարածքներում, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքները, բացառությամբ`
ա. օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
բ.հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
5) զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների.
6) տրանսպորտում՝
ա. հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, բացառությամբ ջրային և երկաթուղային տրանսպորտի, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը.
բ. մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ:
7) հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ։
Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ծխելու դեմ պայքարում հաջողված փորձ ունեցող առաջադեմ երկրների փորձը:
E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային հարթակն է, նախագիծը դեռ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ուղարկվի խորհրդարան: