ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի բակում տեղի ունեցած միջադեպի փաստով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշված անձն, ըստ ամենայնի, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն է, քանի որ այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Նարեկ Ալոյանը` հավելելով, որ քննիչը Թավադյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Նրա խոսքով, վարույթ իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը:
Քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ մայիսի 13-ին 62-ամյա տղամարդը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը, ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ, 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է վերոհիշյալ գործողությունները կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1968 թվականին:
«Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ»,– հայտնում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, մայիսի 13-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական նիստի ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում միջադեպ էր տեղի ունեցել։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտարարել էր, որ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով աչքի շրջանում կապտուկ է առաջացել։
Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հայտնել էր, որ միջադեպից հետո ոստիկանության բաժին են բերման ենթարկվել` 3, հրավիրվել` 2 քաղաքացի։ Նրանց թվում է եղել նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը
Թավադյանը, սակայն, պնդում է, որ ինքը չի հարվածել Վարդգես Գասպարիին։