ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Ես համոզված եմ, որ սա քաղաքական սադրանք է` ուղղված ինձ, իմ ընտանիքին»

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։
Sputnik
Պետրոսյան. «Ես համոզված եմ, որ սա քաղաքական սադրանք է` ուղղված ինձ, իմ ընտանիքին»

Պետրոսյանի խոսքով` երեկ, օրվա առաջին կեսին իր եղբայրը ավտոմեքենայով երթևեկելիս է եղել Նոր Հաճնի կամրջի վրայով, երբ հետևից եկող ավտոմեքենայից լուսարձակներով ազդանշան են տվել եղբորը, որ կանգնեցնի մեքենան։

«Երիտասարդը մոտեցել է, ակնհայտ սադրանքով, վիրավորական արտահայտություններով ու հայհոյանքներով ինչ-որ պահանջներ է հնչեցրել՝ կապված իմ քաղաքական գործունեության հետ»,- մանրամասնում է Կոտայքի մարզպետը։

Միջադեպ Կոտայքի մարզպետի եղբոր և պահեստազորի գնդապետի միջև. ի՞նչ է տեղի ունեցել

Ըստ Պետրոսյանի` միջադեպով փորձ է արվում իրեն քաղաքական սադրանքների մեջ ներքաշել եղբոր միջոցով։

«Այդ քայլով ես եզրակացրել եմ, որ դա իմ քաղաքական գործունեության հետ կապված սադրանք է»,-նշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով` Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այդ միջադեպով փորձ է արվում ցեխ շպրտել իրենց գործունեության վրա։

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ թե՛ իմ պաշտոնավարման ընթացքում, թե՛ մինչ այդ նրա (եղբոր) հետ որևէ նման դեպք չի եղել։ Ես ինքս էլ շատ ուշադիր եմ իմ հարազատների վարքագծի հանդեպ` հաշվի առնելով, թե ինչ կարգավիճակ նաև ունեմ ես»,- ասում է Կոտայքի մարզպետը։

Պետրոսյանը հույս է հայտնում, որ իրավապահները կգտնեն նաև միջադեպի ականատեսներին։

Հիշեցնենք, որ երեկ Նոր Հաճնից Աբովյան տանող ճանապարհին միմյանց հետ վիճել են մարզպետի եղբայրն ու «Իրավունքի սահման» ընկերության տնօրենը, որը պահեստազորի գնդապետ է։