Միլիոնանոց հրավառություն. ինչի՞ վրա է ծախսվել Քաղաքացու օրվա 124 մլն դրամը

Շուրջ 25 մլն Երևանի և 83.5 միլիոն դրամ մարզերում իրականացված միջոցառումների համար է գումար հատկացվել, դրան գումարած` 16 միլիոն դրամի էլ հավելյալ ծախսեր են արվել. կառավարությունից Sputnik Արմենիային հայտնել են, թե ինչպես է Քաղաքացու օրվան տրամադրված 124 միլիոն դրամը ծախսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ապրիլի 27–ին Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակներում Երևանում հրավառություն անելու համար ծախսվել է 1 մլն 265 հազար դրամ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։

Սարգսյանի հրաժարականը տոնելու մեկ տարին. ո՞ւմ տոնն է Քաղաքացու օրը

Նա ներկայացրել է, թե որ ընկերություններին որքան գումար է տրամադրվել, ինչպես նաև որքան գումար է հատկացվել միջոցառումների քարոզչության, հանրահռչակման համար։

«ՀՀ 10 մարզերում միջոցառումների կազմակերպման համար հատկացվել է 83 428 000 դրամ, իսկ Երևանի դեպքում հատկացվել է 25 մլն դրամ` 10 մարզերին տրամադրված գումարի 30 տոկոսի չափով։ Երևանում միջոցառումներն իրականացրել է Factory production–ը, իսկ մարզերի պարագայում` յուրաքանչյուր մարզում մեկ կազմակերպություն է դրանով զբաղվել` Sharm holding-ը, EX production–ը...»,–հայտնել է Խաչատրյանը։

Նշենք, որ յուրաքանչյուր մարզին միջոցառումների իրականացման համար տրամադրվել է 8-9 մլն դրամ։

Բացի այս ծախսերից, գումարներ են հատկացվել նաև միջոցառումների հանրահռչակման, քարոզչության վրա։ Օրինակ, բրենդավորման համար հատկացվել է 1.5 մլն դրամ, «Հանրային կապերի մեդիա» ՊՈԱԿ–ին տրամադրվել է 2 մլն դրամ, սակայն պարզ չէ` ինչի համար։

«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին». Նաիրա Զոհրաբյանը` Քաղաքացու օրվա մասին

Բուկլետներ, վերնաշապիկներ, կրծքանշաններ, նոթատետրեր տպագրելու համար 2 մլն է տրամադրվել, իսկ պոստեռների տպագրության համար 3 մլն–ից ավել գումար է հատկացվել։ Օրվան նվիրված երկու գովազդային հոլովակ է նկարվել` երկուսի ծախսը միասին 1 մլն դրամ է եղել։

Հավելենք միայն, որ 2016 և 2017 թվականներին՝ անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար բյուջեից տրամադրվել է 100 միլիոն դրամ: Իսկ 2018–ին Հայաստանի անկախության տոնը նշելու ծախսվել էր 84 մլն 775 հազար դրամ:

Հիշեցնենք միայն, որ 2016–ին, երբ Հռոմի պապը պետք է Հայաստան ժամաներ, սոցիալական կայքերում բավական բուռն քննադատվեց Գյումրու ավագանին` 1 մլն դրամ հրավառությանը տրամադրելու համար։