Երևանը Բաքվի հետ երկխոսելու ցանկություն ունի, բայց չի արագացնի բանակցությունները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն արագացնելու անհրաժեշտություն չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Երևանը հուսով է, որ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցով երկխոսությունը հաջողություն կունենա։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Հուսով եմ` Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հարցով մեր ու Ադրբեջանի դիրքորոշումները կմոտենան», – ասել է  Փաշինյանը։

Ղարաբաղյան հակամարտության Փաշինյանի սցենարի հետ համակարծիք եմ. Վլադիմիր Կազիմիրով

Սակայն ՀՀ վարչապետը նշել է, որ չի պատրաստվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում նախապայմաններ դնել։ Մասնավորապես Փաշինյանը չի պատրաստվում հետաձգել բանակցությունները մինչև Ստեփանակերտի ներգրավումը։ Միաժամանակ վարչապետը խոստացել է չարգելակել ղարաբաղյան հարցի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները, բայց ոչ էլ արագացնել դրանք։

«Մենք չենք արագացնի այդ գործընթացը, բայց չենք էլ արգելակի, քանի որ հակամարտությունը կա, ու չեմ կարծում, որ նպատակահարմար է մոռանալ դրա մասին» , –ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն Ղարաբաղին բանակցությունների սեղան վերադարձնելով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան ունի տարածաշրջանում նոր էսկալացիա թույլ չտալու համար անհրաժեշտ բոլոր լծակները։ 

«Ու ես չեմ կարող հավատալ, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը չի օգտագործի այդ լծակները», – ամփոփել է Փաշինյանը։

Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ կողմերը պատրաստվում են լրագրողների պատվիրակություններ փոխանակում կազմակերպել։