ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Աջակցությունը ժամանակակից անասնապահությանը միայն Հայաստանի իշխանության գեղեցիկ պաստառն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։
Մարդկանց, ովքեր ուզում են նոր անասնագոմ կառուցել, պետությունն առաջարկում է հատուցել ծախսերի 50%, իսկ առանձին արտոնյալ խմբերի դեպքում` 70%։ Սակայն, Բերբերյանի խոսքով, ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Նա պնդում է` խնդիրն այն է, որ շինանյութն առաջարկում են գնել միայն մեկ տեղից, բայց այն այդքան էլ որակյալ չէ։
«Ամուր նյութից չեն պատրաստված,պլաստիկի կարբոնատ է, որը կարկուտից անգամ կճաքի։ Այսինքն` այդ նախագիծն ուզում են ինչ-որ մեկի մենաշնորհը դարձնել։ Դուք ֆերմերին գումար տվեք, ինքը կորոշի` ինչ նյութից կառուցել», – ասաց Բերբերյանը։
Պետությունը հատուցելու է միայն այն անասնագոմերի համար, որոնք CARD Agroservice ընկերության կազմած տիպային նախագծով են կառուցվում։ Sputnik Արմենիան պարզաբանում ստանալու համար դիմեց ընկերությանը։
«Մենք նախագիծ ենք կազմել, տեխնիկական չափանիշներ ենք սահմանել։ Այնտեղ նշվում է` ներսում ինչ լուսավորություն պետք է լինի, տանիքն ինչ բարձրություն պետք է ունենա և այլն։ Իսկ թե ինչ շինանյութեր օգտագործել` ֆերմերն է որոշում։ Տիպային նախագիծը հրապարակված է գյուղատնտեսության նախարարության կայքում։ Այնտեղ ոչ մի տեղ չի նշվում, որ պետք է միայն մեր շինանյութերն օգտագործել։ Կարող են պլաստիկի, երկաթե կամ ցանկացած այլ տանիք կառուցել։ Պատերը կարող են լինել մետաղից, փայտից, ցանկացած նյութից», – ասաց ընկերության ներկայացուցիչ Սարդարյանը։
Նշենք` անասնագոմերը պետք է ունենան բարձր տանիքներ, իսկ ընդհանուր մակերեսը մեկ գլուխ անասունի հաշվարկով պետք է ավելի ընդարձակ լինի։ Դա կլավացնի սանիտարահիգիենիկ պայմանները` վերջին հաշվով ապահովելով կաթի ու կաթնամթերքի անվտանգությունը։
Նման անասնագոմի կառուցման ծախսերը, կառավարության գնահատմամբ, 11-35 դրամ են կազմում։ Գյուղացիները կստանան այդ գումարի 50 կամ 70% չափով հատուցումը, եթե նրանք կառուցեն անասնագոմերը` հետևելով նշված տեխնիկական չափանիշներին։ Ծրագրի մանրամասները ներկայացված են Գյուղատնտեսության նախարարության կայքում։