Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ԱԱԾ

Համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է դատախազությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործ է հարուցվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել է քրեական գործ: Գործը փոխանցվել է դատախազությանը»,– ասաց նա։

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ Աթոյանը 2011—2018 թվականներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գումար` 350-400 մլն դրամ: