Ես 0038 հրամանը չեմ տեսել. Քոչարյան

Դատարանում իր ելույթում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է աղմկահարույց 0038 հրամանին` նշելով, որ տարվա ընթացքում նման 200 հրաման է լինում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աղմակ հանած 0038 հրամանը չի տեսել։ Այսօր դատարանում հայտարարեց Քոչարյանը։

Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու համար 1 մլն դրամ գրավ են վճարել

«Տարվա ընթացքում նման 200 հրաման է լինում։ Ոչ 0038, ոչ 0037, ոչ 0036, ոչ էլ 0200 հրամանները ես չեմ տեսել։ Պաշտպանության նախարարի հրամանները նախագահին չեն ներկայացվում»,– ասաց Քոչարյանը։

Այդուհանդերձ, Քոչարյանը չթաքցրեց, որ ինքը համաձայն է հրամանի բովանդակության հետ։

«Այդ հրամանը ճիշտ հրաման է, ճիշտ ժամանակին և, կարծում եմ, կանխեց հնարավոր շատ վատ զարգացումները։ Բայց որևէ հրահանգ, որևէ կարգադրություն չի եղել»,– ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք` պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2008-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում, ըստ հրապարակված տեղեկությունների, խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր»։ Այդ հրամանով «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի:

Մարտի 1-ի գործի շրջանակներում Միքայել Հարությունյանը ևս ճանաչվել էր մեղավոր, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: