ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննելու հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 18–ին՝ ժամը 16։00–ին։
Այս մասին հայտնեց Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Նշենք, որ մայիսի 18–ին արդեն իսկ կհայտնեն որոշումը` Քոչարյանը խափանման միջոցի հետ կապված, այսինքն` կշարունակի՞ մնալ նա կալանքի տակ, թե՞ ոչ։
Այսօրվա դատական նիստին, ի դեպ, ներկա էին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Դատական նիստը սկսվել էր առավոտյան ժամը 11–ից և քիչ առաջ այն ավարտվեց։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։
Մինչ այդ` գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում արդեն չորրորդ օրն է, ինչ ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը ներկա փուլում քննարկում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը։
Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։