Քոչարյանը խոստովանեց, որ իր համար տհաճ է. նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով

Դատարանը թույլ չտվեց Արցախի նախկին ու ներկա նախագահներին մասնակցել դռնփակ նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իր համար տհաճ է, երբ իր մարտական ընկերները ստիպված են դատարանին համոզել, որ ինքը չի փախչի արդարադատությունից։

«Ինչ համար տհաճ է, որ իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, հարգարժան երկու նախագահներին բերել–նստեցրել են այստեղ, որ նրանք համոզեն ձեզ, թե ես չեմ փախնելու»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ես 0038 հրամանը չեմ տեսել. Քոչարյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանը պարզաբանեց, որ դա իրավական ձևակերպում է և կապված է ոչ թե անձի հետ, այլ նախատեսված է քրեադատավարական օրենսդրությամբ։ Այս մեկնաբանությունը, սակայն, Քոչարյանի մտահոգությունը չցրեց։

«Այնուամենայնիվ, ինձ համար անընդունելի է, որ իմ կենսագրությունն ունեցող անձին կասկածում են փախնելու մեջ։ Իմ մեջքը որևէ թշնամի չի տեսել»,– ասաց Քոչարյանը։

Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը կորոշվի ավելի ուշ։ Իսկ այժմ դատարանն աշխատանքը շարունակում է դռնփակ ռեժիմով։

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում մինչ այդ հայտարարել էր, որ Արցախից Հայաստան զինուժ բերելու մեղադրանքի դրվագը պետական գաղտնիք է պարունակում և միջնորդել նիստի այդ հատվածն անցկացվի դռնփակ։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց, որ դռնփակ նիստին մասնակցեն նաև Արցախի նախկին ու ներկա նախագահները` նշելով. « Դա իրենց էլ է վերաբերում»։

Բայց դատավորը թույլ չտվեց` հիշեցնելով, որ երաշխավորներն իրավունք չունեն մասնակցելու դռնփակ դատական նիստին։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, մյուս ներկաների հետ միասին, լքեցին դահլիճը։ Դատարանը շարունակեց քննարկումը դռնփակ ռեժիմով։