ՊԵԿ–ը հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր

Նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի— Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ–ի մամուլի ծառայությունից։

«Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների ավտոյուղեր։ Հայտնաբերված ավտոյուղերի հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե»,–նշված է ՊԵԿ–ի հաղորդագրության մեջ։

Շենք կառուցելու թույլտվություն տալու համար պաշտոնատար անձը խոշոր կաշառք է վերցրել. ՊԵԿ

Կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ (ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը) և դրանք փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաև պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից։ ՊԵԿ–ը նաև նախազգուշացնում է, որ ՊԵԿ-ի կողմից, իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: