ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է, որ ՊԵԿ տնտեսվարողներին չեն ուղղորդում, թե որ ընկերությանը դիմեն ՀԴՄ–ների գնման համար։ Այսօր կառավարության նիստից հետո նա այս մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով մամուլի տարածած լուրերին։
«Ոչ մեկն ուղղորդելու որևէ իրավասություն չունի: Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի: Ձեզ թվում է, որ ՊԵԿ-ը գիտակցաբար կարող է ուղղորդե՞լ ինչ-որ անձի»,- ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահը միաժամանակ լրագրողներին կոչ արեց ուղղորդման մասին տեղեկությունները հաղորդել ՊԵԿ` խոստանալով, որ ուղղորդողը խիստ կպատժվի։
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` ՊԵԿ-ում քաղաքացիներին հուշում են, թե կոնկրետ որ ընկերությունից գնեն նոր սերնդի ՀԴՄ-ները։ Իսկ այդ ընկերությունը կապվում ՊԵԿ նախկին նախագահի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորների հետ: