ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մայրաքաղաքի մոտակայքում տեղակայված զորամիավորումները համապատասխան պատրաստվածություն են անցել` նախքան ցույցը կցրեին։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Այդ զորամիավորումների հետ պարապմունքներ են անցկացրել, որոնք միտված են եղել ցույցը ցրելուն։ Այսինքն` զինվորականները պատրաստվել են ցույցը ցրելուն։ Նույն քրեական գործով ձեռք բերված բազում տվյալներով կտեսնեք, որ զորքերը, այդ թվում` մարտական հերթապահություն իրականացնողները, մայրաքաղաք են տեղափոխվել»,–ասաց նա։
Դատախազի խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ 2008–ի փետրվարի 23–ին, երբ դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր հրապարակել նախագահական ընտրության պաշտոնական արդյունքները, և որևէ տեղեկություն չկար հրապարակում հավաքի ոչ խաղաղ լինելու վերաբերյալ, Քոչարյանը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկել է բանակի ղեկավար կազմի հետ։
Սա, ըստ նրա, Սահմանադրությամբ արգելված է, քանի որ ԶՈՒ–ն պետք է չեզոքություն պահպանի։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում արդեն չորրորդ օրն է, ինչ ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը ներկա փուլում քննարկում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը։
Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։