Նախագահը ստորագրեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքը

Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում` Կառավարության կառուցվածքի մասին օրենքը։

Խորհրդարանը հաստատեց կառավարության նոր կառուցվածքի մասին օրինագիծը

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:

Հիշեցնենք` նոր օրենքով ՀՀ կառավարությունը կազմված է լինելու հետևյալ նախարարություններից` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: