ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին Արցախի նախկին ու ներկա նախագահների երաշխավորությունը չպիտի դիտարկվի որպես դատավարությանը միջամտություն։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու համար ներկայացվել է անձնական երաշխավորություն։ Սա բուն դատաքննության հետ որևէ աղերս չունի։ Հետևաբար, բոլոր այն մտահոգությունները կամ քննադատությունները, որ որոշ մասնագետներ հրապարակայնորեն ներկայացնում են, իրականության հետ որևէ աղերս չունի»,– ասաց փաստաբանը։
Արամ Վարդևանյանը նշեց, որ անձնական երաշխավորության դեպքում հատկապես կարևոր է, թե ովքեր են երաշխավորություն ներկայացնողները։
«Այս պարագայում մենք խոսում ենք մեծարգո, հարգարժան մարդկանց մասին, ովքեր իրենց թե՛ անցյալով, թե՛ ներկայով ունեն այն համբավը, այն հեղինակությունը, որ հանդես գան հենց անձնական երաշխավորության ինստիտուտի ներքո»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահների դատարան ներկայանալուն, Արամ Վարդևանյանը դատարանի այս պահանջը «ողջամիտ» համարեց` հավելելով, որ երաշխավորը փաստացի որոշակի պարտավորություն է ստանձնում։
«Եվ այս պարագայում, երբ Արցախի նախկին ու ներկա նախագահները նման ցանկություն են հայտնել, ես կարծում են, որ սա, նույնիսկ կարելի է ասել` գեղեցիկ երևույթ է։ Իրենից ենթադրում է նաև Հայաստանի ու Արցախի մոտեցում»,– ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ` գործի նախաքննության փուլում Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։
Մայիսի 15-ին դատական հերթական նիստում Քոչարյանի պաշտպանները հայտնեցին, որ Արցախի նախագահները պատրաստակամություն են հայտնել ներկայանալու դատարան` մինչև աշխատանքային ընթացիկ շաբաթվա ավարտը` մայիսի 16-ին կամ 17-ին։