Կա տեսանյութ, որտեղ երևում է` ոստիկանների ուղղությամբ նռնակ են նետում. Քոչարյանի պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստ է դատարանին ներկայացնել 15 րոպեանոց տեսանյութ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն այսօր դատարանում միջնորդեց թույլատրել դատարանին ներկայացնել տեսանյութ, որի մի մասը քրեական գործում առկա է, իսկ մյուս մասը՝ ոչ։

«Խնդրում եմ ապահովել տեխնիկական միջոցներ, որպեսզի մեր ձեռքի տակ եղած տեսանյութը ցուցադրենք»,– ասաց պաշտպանը` նշելով, որ ինքը կարող է այդ տեսանյութում կատարվածը ներկայացնել բառերով, սակայն դա կտևի երկու ժամ։

Խուդոյանի խոսքով` տեսանյութում երևում է, թե ինչպես են նռնակ նետում ոստիկանների ուղղությամբ։

Դատարանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ այդ տեսանյութն այս փուլում չի ուսումնասիրվի։ Քոչարյանի պաշտպանների առարկեցին դատարանի որոշման դեմ։

Անձնական երաշխավորի առումով օրենքի մեջ սահմանափակում չկա. Քոչարյանի փաստաբան

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում արդեն չորրորդ օրն է, ինչ ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը ներկա փուլում քննարկում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։

Հիշեցնենք, որ այսօր դատարան կներկայանան Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու գործող նախագահ Բակո Սահակյանը։