ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Facebook սոցիալական ցանցում` Jermuk news էջում, հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկի բնակիչները բնություն վերադարձրել արջի քոթոթին, որը, հասկանալի չէ, թե ինչպես է հայտնվել քաղաքում։
«Ջերմուկի փողոցներում հայտնված և ծառը բարձրացած արջուկին բաց են թողել վայրի բնության գիրկը», - գրված է տեսանյութում։
Արջուկը մռնչում է և փորձում ազատվել տղամարդու ձեռքերից, իսկ նա խոսում է քոթոթի հետ․ «Հանգստացիր, բաց ենք թողնում քեզ»։
Օգտատերերն արդեն արձագանքել են տեսանյութին և մեկնաբանություններ թողել․ «Ցավոտ չէ՞, երբ բռնում են վզակոթից», «Դուք գոնե կերակրե՞լ եք նրան շոգեխաշած մսով», «Եթե փոքրիկը քաղաքում է, ապա մայր արջը չկա, և նա չի ապրի վայրի բնության մեջ»։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում գտնում են արջի քոթոթների և բաց թողնում վայրի բնություն։ 3-4 ամսական արջուկներ Զանգակին և Բամբակին նկատել էին Լոռու մարզում՝ գետի ափին։ Մարդկանց մոտ մեկ տարի մնալուց հետո
արջի քոթոթներին հանձնել էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամակալությանը։