ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Երևանի ինֆորմատիկայի քոլեջում ծեծկռտուք է եղել։
Մեր տեղեկություններով՝ երեկ` մայիսի 15–ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի ինֆորմատիկայի քոլեջում սովորող 18-ամյա մի տղա: Երիտասարդի մարմնին վնասվածքներ են եղել, այդ թվում՝ գանգուղեղի շրջանում:
Նա բժիշկներին ասել է, որ վնասվածքը ստացել է քոլեջի բակում ընկնելու հետևանքով: Ոստիկաններին հավատ չի ներշնչել երիտասարդի հայտնածը, ուստի նրանք օպերատիվ աշխատանք են իրականացրել՝ եղելությունը պարզելու համար: Նախնական վարկածով՝ երիտասարդը քոլեջի բակում ծեծի է ենթարկվել:
Միջադեպին մասնակցել են մի խումբ երիտասարդներ, այդ թվում՝ քոլեջում սովորող: Ըստ որոշ տեղեկությունների՝ վեճի պատճառը միջանձնային է: Քոլեջի բակում տեղի ունեցած պարզաբանումներն ավարտվել են ուսանողի ծեծով, որից հետո մյուսները հեռացել են, ծեծված տղան էլ տեղափոխվել է հիվանդանոց: