Բողոքի ակցիաներին երեխաներին ներգրավվելը համարում ենք անթույլատրելի. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը հիշեցնում է, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է ծնողներին երեխաներին չներգրավել բողոքի ակցիաններում։

Նշենք, որ մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում (դատարանում ընթանում էր Մարտի 1–ի գործով դատական նիստը) բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով: Ակցիային մասնակցել են նաև երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։

Դատարանի մոտ վիճակը լարված է. նիստին ընդառաջ մեկնարկել են բողոքի ակցիաները

«Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:

Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաև հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի և հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից»,–ասված է պաշտպանի հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակցության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները: