Աշխատիր Հայաստան. Կառավարությունը որոշել է կրճատել գործազրկությունը

Փոխվարչապետը հայտարարեց նոր ծրագրի մեկնարկի մասին։ Թվային ցուցանիշներն ու ակնկալվող արդյունքները դեռ մշակված չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Հայաստանում մեկնարկել է «Աշխատիր Հայաստան» ծրագիրը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով` ծրագիրն ուղղված է գործազրկության կրճատմանը, քանի որ պաշտոնական տվյալներով, նոր մեթոդաբանությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը 20 տոկոս է։

Գործազրկությունը տարածաշրջանում. ո՞ր տեղում է Հայաստանը

«Ծրագիրը հենված է 3 հիմնասյուների վրա. առաջինը` մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը` զբաղվածության խթանումը և երրորդը` ինստիտուցիոնալ բարեփոխումներն են»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ այս միջոցառումների համար սահմանվելու են կոնկրետ թիրախներ, ակնկալվող արդյունքներ ու ժամանակացույց։

Ծրագրի իրականացման համար փոխվարչապետը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց սեղմ ժամկետներում մշակել ու ներկայացնել վերոհիշյալ ցուցանիշները։