ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Նախարարությունների աշխատակազմերի օպտիմալացման առաջին փուլում աշխատանքը կկորցնեն մի քանի նախարար ու նախարարի տեղակալներ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Մասսայական կրճատումներ այս փուլում դեռևս չեն սպասվում»,– ասաց Ավինյանը։ Նրա խոսքով, օպտիմալացումը տեղի է ունենալու մի քանի փուլով։ Առաջին փուլում գնահատվելու ու վերանայվելու են միայն նախարարների ու փոխնախարարների գործառույթները և աշխատանքի ծավալը` գերբեռնվածության ու թերբեռնվածության խնդիրները վեր հանելու նպատակով։ Ըստ այդ ուսումնասիրության արդյունքի էլ կատարվելու են կրճատումները։
«Ստատիկ նույն կերպով շարունակել չենք կարող և չենք ուզում, որովհետև բոլոր գնահատականները ապացուցում են, որ հանրային ծառայության համակարգն արդյունավետ չի գործում»,– ասաց Ավինյանը։
Ինչ վերաբերում է հետագա փուլերում աշխատանքից զրկվող քաղծառայողներին, փոխվարչապետը նշեց, որ նրանցից ոմանք կկարողանան մնալ պետական համակարգում` օգտվելով քաղծառայողի իրենց կարգավիճակից, մյուսների համար սա հնարավորություն կլինի տեղափոխվելու մասնավոր ոլորտ ու չլճանալու նույն աշխատանքում։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը։
Նոր օրենքով ՀՀ կառավարությունը կազմված է լինելու հետևյալ նախարարություններից` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: