Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Աշուղյանի մարմինը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 18:00-20:00, Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Վերջին հրաժեշտը` մայիսի 17-ին, ժամը 11:00-13:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից (Իսահակյան 1):

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է Հրաչյա Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Աշուղյանը մահացել է 2019 թ. մայիսի 13-ին, 80 տարեկան հասակում։

Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

Նա հայ թատրոնի վաստակաշատ երախտավորներից էր, ում հարուստ ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ օրինակներից է:

Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-75 թվականներին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975 թվականից` հայկական հեռուստաթատրոնում որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր:

Մի պարգև կար, որն այդպես էլ չստացավ... ինչի՞ մասին էր երազում Սուրեն Գյանջումյանը

1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002 թվականից` պրոֆեսոր), 1992 թվականից` Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է Լ. Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Ե. Օտյանի «Թաղականին կնիկը», Զ. Դարյանի «Օր առանց մայրամուտի», Մ. Մրոժեկի «Վտարանդիներ», Գ. Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները: Մի շարք զանգվածային թատերականացված հանդիսությունների հեղինակ է («Էրեբունի-Երևան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-3-րդ համահայկական խաղեր, «Ավարայր-1550», «Հայոց գրերի 1600», բազմաթիվ հոբելյանական երեկոներ և այլն): Բեմադրություններ է իրականացրել նաև արտասահմանում: 1987 թվականին արժանացել է Հայաստանի Հան
րապետության արվեստի վաստակավոր գործչի, 2006 թվականին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

Հրաչյա Աշուղյանը բծախնդիր և աշխատասեր մարդ էր: Լինելով մեծն Վարդան Աճեմյանի աշակերտը` կրում էր իր մեջ վարպետից ժառանգած մասնագիտական որակները, գործին տրվում էր անմնացորդ, ուներ թիմային զգացողություն և հաճույքով էր աշխատում լայնամասշտաբ նախագծերում: Հրաչյա Աշուղյանի ռեժիսորական, հեռուստատեսային և բեմական մտածողությունը բազմաշերտ էր և նորարարական, բացօթյա մասսայական տեսարանների հմուտ վարպետ: Անմնացորդ նվիրումով էր աշխատում երիտասարդ սերնդի հետ՝ փոխանցելով նրանց իր գիտելիքները, եռանդը, կենսուրախությունը: