ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում հրապարակեց մի շարք ցուցմունքներ, որոնք տրվել են նախաքննության ընթացքում։
Դատախազները առարկություն ներկայացին ցուցմունքը դատարանում ամբողջությամբ կարդալու համար: Դատախազը կրկին առարկություն ներկայացրեց, որ եթե մեջբերում է կատարվում, ապա պետք է ներկայացվեն վերաբերելի մասերը: Դատարանը ընդունեց առարկությունը այն առումով, որ ցուցմունքները ամբողջական չհրապարակեն, այլապես ամիսներ կտևի դատական նիստը՝ հորդորելով ներկայացնել մեջբերումները կոնկրետ, առարկայական:
Արձագանքեց նաև Ռոբերտ Քոչարյանը։
«Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը և դատախազությունը այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինն ու դատախազությունը: Սա է պատճառը: Եթե մտածում եք, թե սա մեջբերում չէ, ամեն մի ցուցմունքը 10-15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Եթե մեջբերման տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ չես կարող արտահայտել այն միտքը, ինչ ուզում է ասել: Կրկնում եմ` պատճառը մեկն է.եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը մենք չէինք ունենա: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էին տվել քննչական մարմինները»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը ներկա փուլում քննարկում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։