Մաշադյանի մտերիմը նշանակվել է ՊԵԿ Արագածոտնի հարկայինի պետ. «Ժամանակ»

Թերթը գրում է, որ ՊԵԿ Արագածոտնի հարկայինի պետը ՊԵԿ նախագահի տեղակալի մտերիմներից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հեղափոխությունից հետո և առ այսօր էլ ՊԵԿ-ում աղմկահարույց նշանակումները շարունակվում են։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«ՊԵԿ հնաբնակներից Ռաֆիկ Մաշադյանը շարունակում է ապահովել իր մտերիմների, ազգականների ու յուրայինների առաջխաղացումը»,– նշում է պարբերականը։

Մասնավորապես, թերթին հայտնի է դարձել, որ օրերս Մաշադյանի մտերիմ Արտաշ Նազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հարկայինի պետ։

«Նա նախկինում եղել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի «նապարնիկը». Մաշադյանը ժամանակին հենց նրանց էր վստահում «յուղոտ ստուգումները», որոնք ենթադրում էին նաև «յուղոտ կաշառքներ» տնտեսվարողների, խոշոր բիզնեսի կողմից»,– գրում է թերթը։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։

Փետրվարի 17-ին դատախազությունն այս թեմայով պարզաբանում էր տարածել։