Կարմիր գծերի համար տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում տուգանքը կնվազի. «Ժողովուրդ»

Թերթը տեղեկացել է, որ կայանելու համար չվճարված գումարը որոշել են զգալի նվազեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի ավագանու որոշմամբ՝ կայանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականը տեղեկացել է, որ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կնվազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ:

Երևանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»: