Ի՞նչ է թաքնված Հանրապետության հրապարակի տակ. Մեսչյանը կասկածում է դրա կարևոր նշանակությանը

Ինչ վերաբերում է զբոսաշրջային բաղադրիչին, ապա Երևանի գլխավոր ճարտարապետը կասկածի տակ է դնում հրապարակի տակ հայտնված տարածքների պատմական նշանակությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը վստահ չէ, որ Երևանում` Հանրապետության հրապարակի տակ, հայտնաբերված ստորգետնյա քաղաքն ունի որևէ պատմական և մշակութային արժեք։ Այդ մասին նա ասաց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հանրապետության հրապարակի տարածքում առաջվա քարվանսարան էր, այսինքն` շուկա էր, որտեղ ուղտերով ապրանք էին բերում: Այդ շուկան ուներ ձիանոցներ, որոնք ունեին մեծ նկուղներ: Երբ հրապարակը սկսեցին կառուցել, առաջին հարկերը մաքրվեցին, իսկ նկուղային հարկերի մի մասը մնաց հողի տակ», – ասաց Մեսչյանը։

Նա վստահ չէ, որ խոսքը հենց ստորգետնյա քաղաքի մասին է։

Թույլ չեմ տա արտաժամյա աշխատեն. Մեսչյանը զայրացած է աշխատավարձների շուրջ ծավալված աղմուկից

«Դա ստորգետնյա Երևան չէ, այլ նկուղներ են»,-ասաց Մեսչյանը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջային բաղադրիչին, ապա այս հարցում էլ Երևանի ճարտարապետը կասկածի տակ է դնում ստորգետնյա տարածքների նշանակությունը։ Նրա խոսքով` նկուղներից մեկը գտել են պոմպակայան կառուցելիս. այնտեղ հիմա էլ տեղադրված է կայան, որը ապահովում է շատրվանների ջրամատակարարումը։

«Բայց ես չգիտեմ, թե իրականում ինչ է այնտեղ, պետք է ուսումնասիրել, հետազոտել», – ասաց Մեսչյանը։

Ավելի վաղ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ֆրինա Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել է 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ։ Հրապարակի ողջ տրամագծով վերականգնողական շինարարական աշխատանքներ էին սկսվել։ Երբ ասֆալտի վերին շերտը հանվել էր, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ էին հայտնաբերել։ Քաղաքը գտնվում է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ և հասնում է մինչև Կոնդ։ Այդ աշխատանքների արդյունքում հրապարակի ու դրան կից փողոցների տակ հայտնաբերվել էին 17 դարի շինությունների նկուղների որոշ հատվածներ։

Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ վերին հարկերը քանդվել են XVII դարում երկրաշարժի հետևանքով։