ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ՀՀ ԶՈՒ զրահատեխնիկայի ոչնչացման մասին մամուլում ու սոցիալական կայքերում բարձրացած աղմուկին։
«ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին։ Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են։ Դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել, ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է: Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։
Նա նաև շեշտել է, որ շահագործումից հանված զրահատեխնիկայի ոչնչացումը ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է, այդ գործընթացն իրականացվում է շատ վաղուց:
Հիշեցնենք, երեկ` մայիսի 14-ին հայաստանյան մամուլում ու սոցիալական կայքերում տեղեկություններ էին տարածվել, այդ թվում` փորձագիտական մակարդակով, այն մասին, որ ՀՀ ԶՈՒ–ում մեծ քանակով զրահատեխնիկա է ոչնչացվում։
Այդ խնդրի մասին հայտարարություն էր տարածել նաև պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Հայաստանի Զինված Ուժերը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի պահանջով 21 միավոր զրահատեխնիկա հանել է շահագործումից։
Հայաստանը 2005 թվականից համագործակցում է ՆԱՏՕ–ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում։ Հայաստանը խորհրդատվություններ է անցկացնում տարածաշրջանային անվտանգության հարցով, կատարելագործում է պաշտպանական բյուջեի ծրագրումը, մասնակցում է սեմինարներին։ Հայ զինվորականները մասնակցում են խաղաղապահ առաքելություններին Լիբանանում, Աֆղանստանում ու Կոսովոյում։