Հույն գործարարը հայկական «մատնահետքեր» է գտել իր ճակատագրում ու որոշել է գալ Հայաստան

Սեմ Ավադը գիտի, որ աշխարհում շատ են անվանի հայերը։ Իսկ եթե աշխարհը գիտի հայ բժիշկների մասին, ուրեմն լավ բժիշկներ պիտի լինեն նաև Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հույն գործարար Սեմ Ավադը համոզված է, որ Հայաստանում մեծ ներուժ կա բժշկական զբոսաշրջության ոլորտում և արդեն գծագրել է երկրում իր բիզնեսի զարգացման «ճանապարհային քարտեզը»։ Այս մասին նա պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն

Սեմ Ավադը բժշկական զբոսարջության ոլորտում մասնագիտացած հունական խոշոր ընկերություններից մեկի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, Հայաստան է ժամանել մասնակցելու «Նորարար տեխնոլոգիաները զբոսաշրջության ոլորտում» ֆորումին, որտեղ ներկայացրել է իր բիզնեսի պատմությունն ու հաջողության բանաձևը։ Իսկ այդ բանաձևը շատ պարզ է. արա այն, ինչ կցանկանայիր, որպեսզի անեն նաև քեզ համար։

Բժշկական զբոսաշրջությամբ զբաղվելու միտքը ծնվել է 27 տարի առաջ։ Ավադն այն ժամանակ գաղափարը դիտարկել է բացառապես որպես գումար վաստակելու միջոց, բայց առաջին հաճախորդին սպասարկելուց հետո ամեն ինչ փոխվել է։ Հենց այդ ժամանակ է գումար վաստակելու միջոցը առաքելություն դարձել։

«Ես պատկերացրի ինձ հիվանդի փոխարեն, և ողջ հայեցակարգը փոխվեց։ Ես գիտակցեցի, թե իրականում ինչ է պետք մարդուն, որ սկզբունքներն են առաջնահերթ բժշկական սխալների ժամանակ և որքան կարևոր է հոգատարությունը», – պատմեց նա։

Ավելի ուշ Ավադը բարձր որակավորում ունեցող բժիշկների թիմ է հավաքել, որոնք կարողանում էին հոգ տանել և խնամել մարդկանց ու անհատական մոտեցում ցուցաբերել։ Նրա հավաստիացմամբ` հենց բարին անելու գաղափարին հավատացող թիմի շնորհիվ էլ հետագայում հաջողվել է հիմնել բարեգործական հիմնադրամ, որն օգնում է ֆինանսական խնդիրներ ունեցող հիվանդներին։

Որոշ ժամանակ անց նրա ընկերությունը սկսել է զբաղվել բուժանձնակազմի թրեյնինգների և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմամբ։ Այդ ժամանակ էլ նա իմացել է, որ աշխարհում հայկական ծագում ունեցող հայտնի բժիշկներ շատ կան։

«Եթե աշխարհում այդքան շատ են լավ հայ բժիշկները, Հայաստանում էլ պետք է լինեն, հետևաբար երկիրը կարող է զարգացնել այդ ուղղությունը», – կարծում է նա։

Ավադն ասում է, որ Հայաստան է եկել համագործակցության ծրագրով, որը մտադիր է կյանքի կոչել, քանի որ հավատում է այն «մատնահետքերի» ուժին, որոնք հայերը թողնում են մարդկանց ճակատագրերում։

Իր ճակատագրում նա երկու մատնահետք է գտել։ Մեկը բիզնեսի ոլորտում հոր գործընկերն է, որը շատ բան է սովորեցրել նրան և հայ է, իսկ երկրորդը` ամուսնացել է մի կնոջ հետ, որի երակներում ռուսի և հույնի արյուն է հոսում, բայց որը հայկական եկեղեցուց բացի, ոչ մի այլ եկեղեցում չի համաձայնել ամուսնանալ։