Հայաստանն ու Չինաստանը բազում ընդհանուր շահեր ունեն. Փաշինյանը հանդիպել է Կեցյանին

ՀՀ կառավարության ղեկավարը երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել է ՉԺՀ պետական խորհրդի վարչապետի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր այցը Չինաստան նոր խթան կհաղորդի հայ–չինական հարաբերություններին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Պեկինից, ՀՀ կառավարության ղեկավարն այս մասին ասել է ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպման ժամանակ։

Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել. Պեկինում Փաշինյանի դիմավորման կադրերը

Պեկինում անցկացվում է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովը։ Ֆորումի շրջանակում հանդիպումներ են տեղի ունենում ՉԺՀ–ի և օտարերկրյա հյուրերի հետ։

Փաշինյանը հանդիպման ընթացքում նշեց Պեկինում անցկացվող «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովի կարևորությունը։ ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով` սա լավ առիթ է քննարկելու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումը։

«Հայաստանն ու Չինաստանը բազում ընդհանուր շահեր ունեն, և այցը նոր խթան կհաղորդի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախագծերի համատեղ աշխատանքի համար։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին մասնակցելու հարցում», – նշել է Փաշինյանը։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն է` գործող առևտրատրանսպորտային միջանցքների կատարելագործման և նորերի ստեղծման համար։ Միջանցքներ, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի ավելի քան 60 երկրներ, ինչը կոչված է նպաստելու նրանց և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան մայիսի 14-ին։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, իսկ մայիսի 15-ին ելույթ է ունեցել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին։