ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Քոչարյանին կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու` մեղադրող կողմի նպատակը ոչ թե մեղադրյալի ոչ օրինական վարքագիծը կանխելն է, այլ պայմանավորված է օրենքով չպայմանավորված դրդապատճառներով։ Այսօր դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։
Ըստ նրա` այդ մասին վկայում է նաև 2018թ–ի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։
«Դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանը ներկայացվում Քոչարյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը»,– ասաց Ալումյանը` մեջբերելով նաև համացանցում տեղադրված գաղտնալսման համապատասխան հատվածը։
«Արթուր Վանեցյան– Ինձ դատավորները հենց նոր զանգին։
Սասուն Խաչատրյան– հա։
Արթուր Վանեցյան – Ինձ դատավորը զանգեց, դե, մի քիչ վախեցած ա, ասեցին` մի հատ նայի սաղ գործը։ Մի խոսքով, դատավորը, որը պիտի կալանքը տա, դրան ասել եմ` դուխով։ Բա` մի հատ հիմքերը պռոստո նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ, զեկուցեմ։
Սասուն Խաչատրյան– Թող նայի, թող նայի։
Արթուր Վանեցյան – Ասի` նայի հիմքերը, կզանգես։ Բայց կալանքը, ուզես, չուզես, պիտի տաս»,– մեջբերեց Ալումյանը։
Նա նաև ընթերցեց Խաչատուրովին վերաբերող զրույցի հատվածը, որտեղ Սասուն Խաչատրյանը հորդորել էր զգուշանալ նրան կալանքի ենթարկելուց` հիշեցնելով, որ նա ՀԱՊԿ նախագահն է։ Իսկ Վանեցյանն ասել էր, թե պետք է «կալանավորել, տեսնել, թե ինչ ցուցմունք է տալիս»։
Իր ելույթում փաստաբանը նշեց, որ վերոհիշյալ փաստերը վկայում են, որ կալանքը դիտվել է որպես «ցուցմունք տալուն հարկադրելու միջոց»։
Իր փաստարկները ներկայացնելուց հետո պաշտպանական կողմն առաջարկեց դատական նիստը հետաձգել և շարունակել մայիսի 16-ին, ժամը 11։00-ին։