Դարդից խմեց. գինեգործական երկիր համարվող Հայաստանում ավելի շատ օղի են խմում

Օղին մնում է երկրում սոցիալական վիճակի դառը «բարոմետրը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Փառատոները և տոները վերածնում են գինու նկատմամբ հետաքրքրությունը, բայց հանրապետությունում նախկինի նման ավելի շատ օղի են խմում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

60 ավելի գինեգործական երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերից մեկը գինի օգտագործելու առումով։ Տարեկան չափահաս մարդուն բաժին է ընկնում ընդամենը մեկուկես լիտր, իսկ օղի` 5-6 անգամ ավելի։

Հայկական գինին ավելի բնական է դարձել. ո՞րն է գաղտնիքը

Մոտավորապես նույնպիսի իրավիճակ է Մոլդովայում։ Խաղողի այգիներն այնտեղ ավելի շատ են, քան Հայաստանում (որովհետև լեռնային շրջաններ չկան այնտեղ)։ Բայց այնտեղ էլ գինին արտահանում են, իսկ տանն ավելի շատ գարեջուր են խմում և թունդ ալկոհոլ։ Կարելի է եզրակացնել, որ որքան շատ են օղի խմում, երկրում այնքան շատ են սոցիալական խնդիրները։

Իսկ ահա Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում խմում են տարեկան մի քանի տասնյակ լիտր գինի (թունդ ալկոհոլ` մի քանի անգամ քիչ)։

«Խորհրդային Հայաստանում տարեկան օգտագործել են մի քանի միլիոն լիտր շամպայն։ Հիմա ամոթ է ասել` ընդամենը 100 հազար լիտր։ Ի դեպ, ավելի շատ շամպայն սկսել են խմել 1963թ–ից, երբ Տիգրան Պետրոսյանը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն։ Իհարկե, դա միակ պատճառը չէ։ Ուղղակի մարդկանց կյանքն ավելի ուրախ էր», – հավելեց Գինեգործների միության նախագահը։

Նշենք, որ Հայաստանում ամեն տարի օգտագործվում է մոտ 20 միլիոն լիտր օղի (մոտ 70 տոկոսը` ներկրվող), 3 միլիոն լիտր կոնյակ և 5 միլիոն լիտր գինի (հիմնականում` տեղական)։ Տարեկան խմում են մոտ 20 միլիոն լիտր գարեջուր։