ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու գործող նախագահ Բակո Սահակյանը կներկայանան դատարան։ Այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա խնդրեց ժամանակ տալ, Արցախի նախագահներին՝ դատարան ներկայանալու ուրբաթ օրը` մայիսի 17-ին, օրվա երկրորդ կեսին։
«Կխնդրեի դատարանը դիտարկեր նաև նախագահների մասնակցության հնարավորությունը տեսակապի միջոցով` հաշվի առնելով նրանց կարգավիճակը, իրավունքների ու պարտականությունների կատարման առումով»,– ասաց փաստաբանը։
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ օրենքը նախատեսում է, որ անձը պետք է դատարանում ներկա լինի և զգուշացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկարացված կալանքի ժամկետը լրանում է կիրակի օրը։
«Իսկ շաբաթ և կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է։ Չեմ բացառում, բայց հնարավոր է, որ անհնար լինի այդ օրերին պարոն Քոչարյանի դատական նիստին մասնակցությունն ապահովելը։ Կճշտենք, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դատարանը պետք է նաև ժամանակ ունենա դատական ակտի կայացման համար»,– ասաց դատավորը։
Դավիթ Գրիգորյանն առաջարկեց, որ Արցախի նախագահները հնարավորության դեպքում դատարան ներկայանան ամենաուշը հինգշաբթի օրը` մայիսի 16-ին։
Հիշեցնենք` մայիսի 14-ին ԼՂՀ նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ` գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։