Ապաքինվելու եմ և շարունակեմ ծառայությունս. վիրավոր զինծառայողի խոստումը նախարարին

21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից հատուկ եկել էր Հայաստան՝ բանակ զորակոչվելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցել է մի քանի բուժվող զինծառայողների։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նախարարը հանդիպել է Ագանիկ Զորոգլյանին, ով արդեն հաղորդակցվում է։ Նա նախարարին վստահեցրել է, որ շուտ ապաքինվելու ու շարունակելու է մարտական ծառայությունը»,–գրել է Հովհաննիսյանը։

Տոնոյանը հանդիպել է նաև Արգիշտի Սեփխանյանին, ում վիճակը զգալիորեն բարելավված է։

Հիշեցնենք, որ Ագանիկ Զորոգլյանը վիրավորվել է մայիսի 4–ին Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում` հակառակորդի կրակոցից։ Գլխին ծանր վնասվածք ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել օրերս` մայիսի 13–ին։ Նա նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից հատուկ եկել էր Հայաստան՝ բանակ զորակոչվելու համար:

Արգիշտի Սեփխանյանն էլ վիրավորվել էր ապրիլի 30-ին Տավուշի զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից։ Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, տեղափոխվել Երևան ու վիրահատվել։ Սեփխանյանը 32 տարեկան է, Լոռու մարզի Ախթալա համայնքից։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Արգիշտին տան ավագ որդին է, ամուսնացած չէ, ունի մեկ քույր և մեկ եղբայր։ Եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։ Տղայի հայրը մահացած է, նա ապրում է մոր ու եղբոր հետ։ Քույրն ամուսնացած է։