Մի՛ անհանգստացեք. ԿԳՆ–ն 1-ին դասարանցիների ծնողներին ուղղված հայտարարություն է տարածել

Երեխաներին դպրոցում գրանցելու համար ստեղծված համակարգում որոշակի խնդիրներ են առաջացել, սակայն ԿԳՆ–ն փորձում է վերացնել դրանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ ՀՀ կրթության և գիտություն նախարարությունը 1-ին դասարնցիների ծնողներին ուղղված հայտարարությունն է տարածել։

«Ծանրաբեռնվածության պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: Այս խնդրի հետևանքով մեկ քաղաքացու կողմից բազմակի գրանցումներ են տեղի ունեցել, այժմ համակարգը աշխատում է նման խնդիրները լուծելու ուղղությամբ: Ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրները օպերատիվ կերպով լուծվում են»,– նշված է հայտարարության մեջ:

ԿԳՆ–ից հայտնում են, որ եթե ծնողի հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չի եկել, անհանգստանալ պետք չէ. երեխան հայտագրված է:

«Նամակը 2-3 օրվա ընթացքում կստանաք»,– վստահեցնում է գերատեսչությունը:

Նշենք, որ 2019-20 ուսումնական տարվանից սկսած` Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով։ Համակարգը գործարկվել է մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9։00-ին։