ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը և ելույթ ունեցել:
«Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը` ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը: Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար»,– ասել է Փաշինյանն իր ելույթում:
Ըստ վարչապետի` մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:
«Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից բազմակարծ հասարակություն: Միևնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է: Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ»,– նշել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ:
«Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին: Խաչաձևվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը»,– ասել է Փաշինյանը։
«Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից:
Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: