Իսլամ ընդունած տղայի դեպքը Փայլանը որակում է երեխայի շահագործում. նա բողոք կներկայացնի

Կարո Փայլանը պաշտոնական բողոք կներկայացնի Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիս — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը տեսակցել է թուրքական հեռուսաալիքներից մեկի ուղիղ եթերում մահմեդականություն ընդունած 13-ամյա հայ տղայի՝ Արթուրի մոր հետ: Այս մասին Փայլանը տեղեկացնում է Facebook-ի իր էջի միջոցով:

Թուրքիայում բռնի իսլամ ընդունած հայ տղան. ի՞նչ պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանությունները

Տղայի մայրը հայ պատգամավորին տեղեկացրել է, որ երեխայի մասնակցությունը հեռուստահաղորդմանը չի եղել իր թույլտվությամբ:

Կարո Փայլանը սա դիտարկում է որպես երեխայի շահագործում և պատրաստվում է բողոք ներկայացնել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը:

Ինչպես տեղեկացնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը, իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում շատ պոպուլյար են դառնում կրոնական քարոզները, որոնք ուղիղ եթերով հեռարձակվում են տարբեր հեռուսաալիքներով։

Ըստ թուրքագետի՝ դրանցից ամենահայտնին, թերևս, Նիհաթ Հաթիփօղլու անունով քարոզչի եթերներն են, որոնք առանձնանում են նրանով, որ Հաթիփօղլուն սիրում է ուղիղ եթերի ժամանակ ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչները ուղիղ եթերում իսլամ ընդունում՝ այդպիսով հաղորդումը իսկական շոուի վերածելով։

13-ամյա հայ տղան մայիսի 12-ին մահմեդականություն էր ընդունել հենց այս հեռուստահաղորդման ուղիղ եթերում: