ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ԱԱԾ աշխատակիցները պարզել են այսօր՝ մայիսի 14-ին ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձի ինքնությունը:
Ինչպես տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժնից, ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից:
«ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: